Երբ «Ուժեղ Հայաստանի» նախագահ Սամվել Կարապետյանը լինի երկրի առաջնորդը, կունենանք շատ էժան ռազմական գնումներ, հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նրա խոսքով՝ նման հնարավորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ, իր գնահատմամբ, մոտենում է հյուսիսային պատերազմի ավարտը։
«Մոտ մեկ տարի հետո այդ պատերազմը կավարտվի, որից հետո այդ երկրների ամբողջ ռազմական արդյունաբերությունն ունենալու է արտադրանք, բայց չի ունենալու պահանջարկ: Իրենք պատրաստ են լինելու էժան վաճառել ռազմական մթերքը: Մեր հասարակության մեջ հարցեր կան մեր դաշնակից երկրների հանդեպ: Մենք ստանալու ենք անվճար, իրենք չեն կարողանում ստանալ անվճար: Ճիշտ են ասում, որ գումար են ուղարկում, բայց չեն կարողանում զենք ստանալ: Լիֆտը կանչելու պատմությունն է, որ լիֆտը կանչում ես, չի գալիս: Իրենք լիֆտը կանչում են, չի գալիս, որովհետև կանչողից է»,- ասել է նա։
Ճշտող հարցին, թե ինչ մեխանիզմներով են ապահովելու, որ վճարված գումարի դիմաց սպառազինությունը մատակարարվի, Կարապետյանը պատասխանել է. «Մենք հարաբերությունների կարգավորման տեսլական ունենք: Այդ տեսլականը փոխվստահությունն է, բաց խաղալու քաղաքականությունը»։
Ավելի վաղ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր՝ «հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, շատ էժան են գնելու, և Հայաստանը ունենալու է լուրջ անվտանգային համակարգ, որ զենքերը իրար հետ համահունչ են լինելու։ Մասնագետները ձեզ կներկայացնեն, որ կա անհամահունչություն մեր զինանոցի մեջ, իրար հետ չեն խոսում, և դա բերելու է մեծ խնդիրների»։





