AM
30 Մայիս 2026 - 11:46 AMT

ԿԳՄՍՆ-ն հերքել է Մեծավանի դպրոցների մասին Նարեկ Կարապետյանի պնդումը

ԿԳՄՍ նախարարությունը հերքել է Մեծավանի դպրոցների մասին «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի պնդումը՝ նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում։

«Ի պատասխան վերջին օրերին քարոզարշավի ընթացքում Նարեկ Կարապետյանի տարածած այն պնդման, թե Լոռու մարզի Մեծավան գյուղում նախկինում գործել է 3 դպրոց, իսկ այժմ գործում է միայն մեկը, և համայնքի բնակիչները հեռանում են բնակավայրից, նախարարությունը հայտնել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Մեծավան համայնքում երբևէ միաժամանակ երեք դպրոց չի գործել։ Գյուղի հին դպրոցներից մեկը բացվել է 1930-ականներին և գործել մինչև 1970-ական թվականները։ Դրա փակվելուց հետո բացվել է Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Երկու դպրոցներն էլ ներկայում գործում են։ Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 308 աշակերտ, իսկ թիվ 2 դպրոցում՝ 250 աշակերտ։

Բացի այդ, ՀՀ Կառավարության «300 դպրոցի նորոգման, կառուցման և վերակառուցման» ծրագրի շրջանակում այժմ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքում կառուցվում է մոտ 300 աշակերտի համար նախատեսված ժամանակակից և տիպային նոր դպրոց»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը կոչ է արել քաղաքական գործիչներին ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ և չճշտված տեղեկություններ տարածելուց ու հանրությանը մոլորեցնելուց։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։