«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առնչությամբ հայցեր են ներկայացվելու Աննա Հակոբյանի դեմ։ Այդ մասին տեղեկացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը, հայտնում է «Փաստինֆոն»:
«Անկախ դիտորդը» խնդիրներ էր արձանագրել ՔՊ-ի և անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող «Իմ քայլը» հիմնադրամի իրականացրած բարեգործական գործունեության առնչությամբ՝ մատնանշելով, որ այն իրականացվել է նախընտրական փուլում գործող օրենսդրական արգելքի պայմաններում։ Կազմակերպությունը հայտարարել էր, որ դիմել է վարչական դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 տարբեր դրվագով։
Ապրիլի 27-ին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ «Անկախ դիտորդի» հրապարակմամբ խախտվել են իր իրավունքները։
«Խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները, որոնք սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ինչը ենթադրում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման և նվաստացման ձևերը»,-ասել էր Հակոբյանը:
Նա հավելել էր, որ խնդրել է իր փաստաբանական թիմին Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով դիտարկել հաղորդման ներկայացման հնարավորությունը, ինչպես նաև «Անկախ Դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացումը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին ու հեղինակությանը հասցրած վնասի փոխհատուցման նպատակով։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կազմակերպությունը վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել ընդդեմ «Իմ քայլը» հիմնադրամի՝ պահանջելով հիմնադրամին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների համար։
Մասնավորապես, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում նախընտրական շրջանում բարեգործություն իրականացնելու համար։
Մասնավորապես, ՎԻՎՕ 40.16-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում այն կազմակերպությունների կողմից, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ կուսակցությունների կողմից ղեկավարվող կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այն կազմակերպությունների կողմից, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը տվյալ ընտրություններում առաջադրվել է (են) որպես թեկնածու, բարեգործություն կատարելն այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններառաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
Սակայն վարչական դատարանը հայցադիմումը վերադարձրել է՝ շտկումներ կատարելու նպատակով։ Իոաննիսյանը հայտնել է, որ պատրաստվում են 14 հայց ներկայացնել Աննա Հակոբյանի դեմ։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





