AM
30 Մայիս 2026 - 12:12 AMT

Սեֆիլյան․ Իշխանությունը մի բանի վրա է աշխատում՝ ինչքան քիչ մասնակցություն, այնքան լավ իրենց համար

Իշխանությունը մի բանի վրա է աշխատում՝ ինչքան քիչ մասնակցություն, այնքան լավ իրենց համար

Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ ստեղծվել է ընտրությունների միջոցով իշխանափոխության իրական հնարավորություն, հայտարարել է ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Գյումրիում քարոզարշավի ժամանակ:

Նա կարծիք է հայտնել, որ իշխանությունը գործուն քայլեր է ձեռնարկում ընտրություններին քիչ մասնակցություն ապահովելու համար, հայտնում է Factor.am-ը:

«Այս շաբաթների ընթացքում գործող դավաճան իշխանությունները մի բանի վրա են աշխատում՝ ինչքան քիչ մասնակցություն, այնքան լավ իրենց համար: Այսինքն՝ նրանք իրենց այս քարոզարշավով նոր ձայն ավելացնելու խնդիր չունեն, իրենք քարոզով ձայն չեն կարող գրավել: Իրենք ի՞նչ ունեն. ունեն իշխանական ռեսուրս, լծակներ, ֆինանս և այլն, կեղծարարություն, ամեն ինչ ունեն: Իրենք գիտեն քանի հարյուր հազար ձայն ունեն, այսպես ասած, և այնքան քիչ է իրենց ունեցածը, նրանք շատ սարսափած են, որ հանկարծ եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ է իրենց վիճակը:

Իրենք աշխատում են ժողովրդին վախեցնել, ժողովրդին զզվեցնել, որ այս ընտրություններին չգնան մասնակցելու, իսկ մենք հակառակը պիտի անենք: Ես վստահ եմ, որ ոչ միայն մենք՝ որպես քաղաքական ուժ, բարեբախտաբար այս օրերին քիչ չեն այն քաղաքական ուժերը, որոնք իրոք խնդիր են դրել ձերբազատվելու այս թուրքահպատակ իշխանություններից»,- ասել է Սեֆիլյանը։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։