AM
30 Մայիս 2026 - 12:21 AMT

Փաշինյան․ Սպասվում են մեծ իրադարձություններ, առաջինը սահմանազատումն է

Առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ, առաջինը սահմանազատումն է, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդավանում հանդիպման ժամանակ, հայտնում է Auroranews.am-ը:

«Ուրեմն խաղաղությունը հաստատված է այն հիմքի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ու սահմանները։ Սա նշանակում է, որ սահմանը լինելու է այն, ինչ սովետի ժամանակ եղել է, Խորհրդային Հայաստանում ինչ եղել է՝ ճշգրիտ լինելու է նույն սահմանը: Սահմանազատման արդյունքում սկզբունք մեկ՝ Խորհրդային Միության ժամանակ եղած գիծը վերականգնվում է, սկզբունք երկու՝ կարող է պարզվի, որ այդ գիծը նենց է գծած, որ մեկի տուն է մտնում, որովհետև այն ժամանակ մի երկիր է եղել, այդքան ով է խորացել, հիմա մենք այդ բոլոր ծուռ-մուռ գծերը, որտեղ հնարավոր է՝ պետք է հասկանանք ոնց ենք անում, ու ուղղենք»,-ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ սահմանազատումը սկսվելու է հյուսիսից և ավարտվելու է մինչև Իրանի սահման:

«Պետք է սահմանը հստակ գծենք, որ հստակ լինի՝ Հայաստանը որտեղ է, Ադրբեջանը որտեղ է, որտեղ TRIPP նախագծի պրոյեկտը կսկսենք իրագործել՝ այդտեղ կարճ կտորներով կսահմանազատենք: Մնացած հատվածով պիտի նստենք աշխատենք, մենք Արծվաշենի խնդիր ունենք, չենք կարող հրաժարվել այդ խնդրից: Բերդավանում չկա այդպիսի հատված, բայց սահմանի ուրիշ տեղերում այդպիսի հատվածներ կան, որ պրոբլեմատիկ են՝ իրար մեջ մտած»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ սահմանազատման գործընթացի համատեքստում առանցքային հարցերից մեկն այն է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են միմյանց համար նոր խնդիրներ ստեղծել, թե ձգտում են առկա խնդիրներին լուծումներ գտնել։

«Իմ ընկալումն է, որ Ադրբեջանն էլ է այդպես տրամադրված՝ հիմա այնպես հարցը լուծենք, որ 10 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո, 50 տարի հետո, 100 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի հետ զրույցում բերդավանցիներից մեկն ասել է․ «Ասում ես՝ խաղաղություն է, 300 հազար թուրք է մտնելու», հայտնում է Aravot.am-ը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ հարցնելով, թե ով է նման բան ասում։

Ի պատասխան՝ բերդավանցին նշել է. «բա Ղարաբաղ ո՞նց մտան»։

Վարչապետն ի պատասխան ասել է․ «Ձեր գյուղում Սաֆարով է գալո՞ւ, ի՞նչ Սաֆարով։ Ո՞վ է թուրքի մասին խոսում․․․գլուխը պատին է տալիս»։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։