Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, «որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ, ըստ էության, հիմնավորումը չկա», հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այդ մասին ասել է ֆեյսբուքյան եթերում՝ անդրադառնալով հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության թեմային:
«ԵԱՏՄ-ում մենք աշխատում ենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների, շարունակելու ենք աշխատել այնքան, մինչև որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը անխուսափելի կլինի։ Դրա համար հանրաքվե կլինի ու ժողովուրդը կընտրի»,- ասել է նա:
Անդրադառնալով ՌԴ հետ հարաբերություններին՝ նա նշել է, որ դրանք տրանսֆորմացիայի փուլում են, ինչը դրական է:
«ՌԴ-ի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, և ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք: Նաև այն պատճառով, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում»,- ասել է նա։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։
Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։





