AM
1 Հունիս 2026 - 08:10 AMT

Գարեգին Բ․ Կոչ ենք անում քաղաքական ուժերին հեռու պահել ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Արարատյան շաբաթվա առիթով հղած ուղերձում հորդորել է բոլորին մասնակցել ընտրություններին, իսկ քաղաքական ուժերին՝ «հեռու պահել ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից»:

«Հունիսի 7-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնի նվիրական օրը, մեր երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները։ Հայրապետիս հորդորն է ամենքիդ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին՝ ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ, լուսավոր գալիքի տեսիլքով և սերունդների նկատմամբ պատասխանատվությամբ, որպեսզի մեր երկրում գերակայի օրենքը, հարգվեն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, տիրապետեն արդարությունն ու ճշմարտությունը, սերն ու համերաշխությունը և փոխադարձ հարգանքը՝ «դե՛ն գցելով ամեն չարություն, ամեն նենգություն, կեղծավորություններ, նախանձ և ամեն չարախոսություն»,- ինչպես պատգամում է առաքյալը (Ա Պետ. 2.1)։

Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ լինել ատելության խոսքից, դրսևորել զգոնություն ու շրջահայացություն և հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից։ Մեր հորդորն է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել արդար ընտրությունների անցկացման և մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության համար»։

Ուղերձում նա նաև նշել է, որ Սուրբ Էջմիածինը հավերժական խորհրդով եղել է աշխարհասփյուռ իր զավակների հավատքը զորացնողը, հույսն առատացնողը, Քրիստոսանվեր ու հայրենանվեր կյանքի երաշխիքը, օրհասական պահերին հանձնառու եղել ամեն զոհողության՝ հանուն իր խնամքին հանձնված հոտի։

Սուրբ Էջմիածինը կրթական, մշակութային, հոգեմտավոր մեծագույն նվաճումների ներշնչարանն ու գրավականն է, անխորտակելի ամրոցը մեր ազգային ու հոգևոր ինքնության և առհավատչյան հոգևոր ժառանգության և պատմական հիշողության անխաթար պահպանության։

«Սուրբ Էջմիածնի տոնն այս օրերին, ցավոք, նշելու ենք մի իրավիճակում, երբ ծանր կորուստները խռովել են մեր ժողովրդի անդորրը, երբ հարվածներ են հասցվում մեր ժողովրդի ինքնության հիմքերին, աղճատվում հոգևոր և ազգային սրբազան խորհրդանիշերը։

Սուրբ Էջմիածնի տոնը նշելու ենք խորապես մտահոգող պայմաններում՝ պառակտված է մեր հասարակությունը, հայրենական անդաստանում սերմանվում են ատելություն, թշնամանք, անհանդուրժողություն ու անարդարություն, և իշխանությունների միջամտությամբ խեղվում են Եկեղեցու դարավոր կանոնակարգերը, հետապնդումների ու բռնաճնշումների են ենթարկվում մեր Սուրբ Եկեղեցին և եկեղեցասեր անձինք։

Այս դժվարին իրադրության մեջ Սուրբ Էջմիածնի լուսեղեն խորհուրդը մշտաբարբառ հրավեր է մեզ՝ ամուր կառչած մնալու քրիստոնեական մեր հավատքին, վերագտնելու ազգային ոգու տոկունությունը, հաղթահարելու ներազգային բաժանումները, բժշկելու վերքերը և վերականգնելու մեր ժողովրդի ներքին խաղաղությունն ու անդորրը։

Հայց ենք բարձրացնում առ Աստված մեր հայրենիքի անսասանության ու վերազարթոնքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության համար։ Աղոթում ենք, որ Տիրոջ անբավ ողորմությամբ հայրենաբնակ մեր զավակների նոր ընտրությունը ծառայի միմիայն ի բարին, ի սեր ազգիս ապահով, խաղաղ և առաջընթաց կյանքի»,-նշվում է ուղերձում։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։