Ներքին գործերի նախարարության կայքէջում հրապարակվել են հունիսի 7-ին անցկացվելիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։ ՆԳՆ-ն ընտրելու իրավունք ունեցող անձանց հորդորում է ստուգել տվյալները:
ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դրանք հրապարակվում են քվեարկության օրվանից յոթ օր առաջ և հասանելի են ինչպես որոնման, այնպես էլ ներբեռնման տարբերակներով։
Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։
Հարթակում, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի են ընտրողների ցուցակները՝ ըստ տեղամասերի։
«ՆԳՆ-ն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորել է ստուգել իրենց տվյալները՝ այցելելով կայքի «ԱԺ ընտրություններ» բաժին կամ ներբեռնելով համապատասխան ցուցակները «Ըստ տեղամասերի» բաժնից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





