Զորահանդեսները չեն կարող որոշել բանակի մարտունակության ու մարտական պատրաստվածության իրական մակարդակը, իսկ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան պետք է կիրառվեն զորավարժությունների ընթացքում, հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Հայաստան դաշինքի» նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Խոսելով մայիսի 28-ին անցկացված զորահանդեսի մասին՝ Օհանյանը շեշտել է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ է ներկայացվել ռազմական շքերթում, ակնհայտ է, որ վերջին 5 տարում գրեթե զորավարժություններ չեն անցկացվում՝ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ զորավարժություններ անցկացվել են թե՛ առանձին ձևաչափով, թե՛ կոալիցիոն գործընկերների մասնակցությամբ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Զորահանդեսի մյուս գնահատականն այն է, որ պետք է նաև որոշակի ուսումնասիրություններ կատարվեն տեխնիկական առումով, որովհետև համազորային կանոնադրություններին համապատասխան որոշ էլեմենտներ չէին համապատասխանում, և ցուցադրվող ռազմական տեխնիկան չէր արտահայտում ռազմավարական այն ամբողջ զսպման մեխանիզմը, որ Հայաստանի Հանրապետությունն ունի»,–ասել է Օհանյանը։
Նա ընդգծել է, որ ռազմավարական զսպման միջոցներ նախկինում ձեռք են բերվել, սակայն գործող իշխանությունները չեն ցանկացել դրանք ցուցադրել։ Պաշտպանության նախկին նախարարն անցկացված զորահանդեսը քաղաքական շոու է համարել, քանի որ, նրա գնահատմամբ, ՀՀ վարչապետը խոսել է բազմաթիվ թեմաների մասին, սակայն չի անդրադարձել Սարդարապատում, Բաշ–Ապարանում և Ղարաքիլիսայում արձանագրված հերոսական հաղթանակներին։
«Փաշինյանը չկարևորեց այդ հերոսական ճակատամարտերը, որովհետև իրենք վախենում են ադրբեջանցիներից։ Բայց ամենավատն այն է, որ այս իշխանությունները բանակը բաժանում են նախկինների և նորերի, բանակը ոչ մի կառավարության սեփականությունը չէ»,–ասել է նա։
Կրկին անդրադառնալով զորահանդեսի թեմային՝ Օհանյանը նշել է, որ նոր հրետանին դեռևս գործարկված չէ։ Նրա խոսքով՝ այդ մասին վկայում են զոհվածների հիշատակին Դ- 30– ներով համազարկ տալը՝ հավելելով, որ զորահանդեսի ժամանակ ավելի քան կարևոր էր նոր տեխնիկայով համազարկ տալը։
Երևանում անցկացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը, որը վերջին տասնամյակում անցկացվում է առաջին անգամ։ Շքերթում ներկայացված են Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Չինաստանից և այլ պետություններից ձեռք բերված զինատեսակներն ու ռազմական տեխնիկան: Սպառազինության մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվում։ Դրանց թվում են «ТОС-1» ծանր հրանետային համակարգերը, ռուսական արտադրության «Поле-21» РЭБ համակարգերը։ Առաջին անգամ հանրությունը կտեսնի հնդկական սպառազինությունը՝ «РСЗО Pinaka», «ATAGS» քարշակվող հաուբիցներ, «MArG» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Akash» զենիթահրթիռային համակարգեր, հակատանկային համակարգեր։
Նախորդ ռազմական շքերթը մայրաքաղաքում անցկացվել է 2016 թվականի սեպտեմբերի 21-ին և նվիրված է եղել անկախության 25-ամյակին։





