ՀՀ մի շարք հասարակական կազմակերպություններ և իրավապաշտպաններ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ կոչ անելով դիմել ՀՀ կառավարությանը և պահանջել անհապաղ ազատ արձակել քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանին:
Նշվում է, որ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու կալանքը քաղաքական շարժառիթներ ունեն:
«Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, ցանկանում ենք հրատապ Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանի կալանավորման և նրա նկատմամբ շարունակվող քրեական հետապնդման վրա։
2026 թ. մայիսի 18-ին Երևան քաղաքի փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի և քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղից (Արցախից) քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանը հրապարակայնորեն մոտեցել է վարչապետին, սկսել է կոշտ հարցեր ուղղել և արտահայտել իր կարծիքը իր հայրենիքի կորստի պատճառների վերաբերյալ։ Նա նաև քննադատություն է հնչեցրել այնտեղի տեղական քաղաքական էլիտաների կոռուպցիայի և այլ հարցերի առնչությամբ։ Զրույցն աստիճանաբար երկու կողմերի համար էլ դարձել է խիստ հուզական, ինչին հաջորդել է վարչապետի բարկացած արձագանքը՝ Օսիպյանի հասցեին վիրավորական և նվաստացնող արտահայտություններով։ Միջադեպի տեսագրությունները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում և հայկական լրատվամիջոցներում։
Բանավեճի և Փաշինյանի աճող զայրույթի պայմաններում Արթուր Օսիպյանը ոստիկանության կողմից արագ հեռացվել է տարածքից, իսկ ավելի ուշ՝ ձերբակալվել»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Օսիպյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնության հրապարակային կոչերի մեղադրանքներով:
Այնուհետև դատարանը որոշում է կայացրել Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել նախնական կալանք երկու ամսով՝ միաժամանակ սահմանելով տեսակցությունների և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելք։
Նշվում է, որ Արթուր Օսիպյանը ներկայումս կալանքի մեջ հացադուլ է անում և հրաժարվել է հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի հետ։ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը ևս չի կարող այցելել նրան՝ տեսակցությունների արգելքի պատճառով։
«Մենք խորապես մտահոգված ենք Արթուր Օսիպյանի առողջական վիճակով։ Միաժամանակ խիստ անհանգստացած ենք այս միջադեպով, որը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմակարծության և խոսքի ազատության համար։
Վերոնշյալի լույսի ներքո կոչ ենք անում Ձեզ հրապարակայնորեն դիմել Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Մենք բարձր ենք գնահատում և ակնկալում Ձեր հրատապ ուշադրությունն ու միջամտությունն այս հարցի առնչությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են․ Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Գենյա Պետրոսյան, «Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ» Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Նաիրա Սուլթանյան, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ Գեղամ Բաղդասարյան, «Ստեփանակերտ» մամուլի ակումբ ՀԿ Կարինե Թորոսյան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ Սեդա Մուրադյան, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ Նունե Սարգսյան, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ Սերգեյ Գաբրիելյան, «Արժանապատվություն» ՀԿ Արթուր Պապյան, Երևանի մամուլի ակումբ Զարուհի Հովհաննիսյան, «Նոր արդարության մշակույթ» ՀԿ։
Արթուր Օսիպյանը մոտեցել է Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և հարցեր է ուղղել Հայաստանի անվտանգության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների վերաբերյալ՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի թեման։ Փաշինյանը կտրուկ արձագանք է տվել՝ Օսիպյանին մեղադրելով ադրբեջանական նարատիվներ տարածելու մեջ, ինչից հետո իրավիճակը սրվել է, և վարչապետը կոշտ բառապաշարով հորդորել է նրան հեռանալ։
Դրանից ժամեր անց Օսիպյանը ձերբակալվել է, իսկ ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 211-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական հետապնդման և կալանավորման որոշումից հետո հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները շարունակել են իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջել դադարեցնել Արթուր Օսիպյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։





