2026 թվականի հունիսի 1-ին դատախազը, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերի 4 բանակային կորպուսների հրամանատարներ Պ.Պ.-ի, Վ.Գ.-ի, Հ.Բ.-ի և Լ.Ե.-ի նկատմամբ։
Խոսքը Լևոն Երանոսյանի, Հայկազ Բաղմանյանի, Վալերի Նարիմանյանի և Պողոս Պողոսյանի մասին է, հայտնում է Factor.am-ը:
Նրանց մեղսագրվող արարքը որակվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով՝ որպես պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակություն, որն էական վնաս է պատճառել և հանգեցրել ծանր հետևանքների։
Դատախազությունից հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ նշված հրամանատարները, կատարելով ակնհայտ ապօրինի հրաման, իրենց կողմից տրված հրամաններով, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, օժանդակել են այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մ.Հ.-ին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնեական լիազորություններն անցնելուն։ Գերատեսչության տեղեկացմամբ՝ այդ անձանց թվում են նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռ.Ք.-ն, Ս.Օ.-ն և Յու.Խ.-ն։
Ծանուցում. «հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։





