«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Նա պահանջում է հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում զրպարտության համար:
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ Կարապետյանը դատարանին խնդրել է Սիմոնյանին պարտավորեցնել հրապարակայնորեն տարածել հետևյալ բովանդակությամբ հերքումը․ «Ես՝ Ալեն Ռոբերտի Սիմոնյանս, ֆեյսբուք (Facebook) և Տիկտոկ (TikTok) հարթակներում 2026 թվականի մայիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հասցեին տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»: Հայտնում եմ, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով ես զրպարտել եմ Սամվել Կարապետյանին», հայտնում է Factor.am-ը:
Կարապետյանը պահանջել է, որ հերքումը հրապարակվի Ալեն Սիմոնյանին պատկանող ֆեյսբուքյան և TikTok-ի էջերում՝ «Հերքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ իմ կողմից 19.05.2026թ. հրապարակված տեսանյութում հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրով տեսանյութի միջոցով։
Բացի այդ, հայցադիմումում նշվել է, որ հերքման հրապարակումը պետք է պահպանվի նշված հարթակներում այնքան ժամանակ, որքան հասանելի են վիճարկվող տեղեկությունները պարունակող տեսանյութերը, սակայն ոչ պակաս, քան մեկ ամիս՝ հերքման հրապարակման օրվանից։
Սամվել Կարապետյանը պահանջել է նաև դատական ծախսերի հատուցում՝ ներառյալ պետական տուրքը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։
Գործը մակագրվել է դատավոր Վահագն Թորոսյանին։
Մայիսի 19-ին ռուսական The Insider պարբերականը գրել էր, թե «Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ԱԴԾ-ի տեղեկատվական կենտրոնը»։ Այդ հրապարակումից հետո թեմային անդրադարձել էր նաև Ալեն Սիմոնյանը, և նրա հայտարարությունները, փաստորեն, հիմք են դարձել Սամվել Կարապետյանի կողմից դատական հայց ներկայացնելու համար։





