AM
2 Հունիս 2026 - 06:23 AMT

Վարչապետի սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող Միրզոյանը կալանքի տակ կլինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարելու մեջ մեղադրվող Մհեր Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեն, գրում է Արմենպրեսը:

Ավելի վաղ նշվել էր, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների, այդ թվում՝ բազմաթիվ խուզարկությունների և շուրջ երկու տասնյակ հարցաքննությունների արդյունքում պարզվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն իրականացրած անձանցից մեկի ինքնությունը։

«Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականից օտարերկրյա պետությունում բնակվող Մ․Մ․-ն առնվազն 4 անձանց հետ խմբի կազմում, ՀՀ վարչապետի քաղաքական և պետական գործունեության կատարման հետ կապված, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ձեռք են բերել միջոցներ և ստեղծել պայմաններ, մասնավորապես՝ ինքնությունը քողարկելու նպատակով ձեռք են բերել հանդերձանք և դիմակներ, ինչպես նաև ՀՀ վարչապետի գտնվելու վայրերի, քարոզարշավի երթուղիների վերաբերյալ հավաքել տեղեկություններ՝ այդ կերպ նախապատրաստելով սպանությունը, որից հետո նշված հանդերձանքով և դիմակավորված, տեսաձայնագրել և տարածել են տեսաուղերձ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որի ընթացքում հնչեցրել են սպառնալիքներ:Բացի այդ, 2026 թվականի մայիսի 16-ին անձինք որսացել են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային կայքի համակարգում պահվող, համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ ուղիղ եթերի ժամանակ հաղորդվող տվյալը (տեսանյութը) և տեսաուղերձը հրապարակելով՝ խոչընդոտել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզչությանը»,–նշվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Մ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստությունը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական գործունեության կատարման հետ), ինչպես նաև 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

Նրա վերաբերյալ ընդունվել էր ձերբակալման որոշում։

ՀՀ քննչական կոմիտեն նախկինում հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ և հայհոյանքներ պարունակող տեսանյութի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական մարմնի տվյալներով՝ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժի իրականացման և հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի կապակցությամբ նախաքննություն է իրականացվել։

Մայիսի 18-ին համացանցում տարածված տեսանյութում դիմակավորված և զինված մի խումբ անձինք վարչապետի հասցեին հնչեցրել են սպառնալիքներ և հայհոյանքներ։