Դիմակավորված անձանց մասնակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտնի տեսաուղերձի առնչությամբ արդեն երրորդ օրն է ինչ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների կողմից վարձակալված բնակարաններում, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Ահազանգած աղջկա խոսքով՝ իրենց բնակարանը խուզարկել են երեք օր առաջ՝ վաղ առավոտյան։ Նրա փոխանցմամբ՝ բնակարանը ամբողջությամբ տակնուվրա են արել, առգրավել բոլորի հեռախոսները, բերման ենթարկել իր մորն ու այլ անձանց և այդ ամենը 9 ամսական ու 2 տարեկան երեխաների ներկայությամբ։
Ընտանիքն ահաբեկված է և փաստացի հայտնվել է մեկուսացման մեջ։ Հեռախոսների առգրավումից հետո կորցրել են կապը հարազատների հետ, չեն կարողանում անգամ երեխաներին բժշկի տանել, ակնհայտորեն գտնվում են դիտումների տակ և անգամ իմ հեռախոսահամարն էլ, իրենց խոսքով, մեծ դժվարությամբ են գտել։
Առավել ուշագրավն այն է, որ Մհեր Միրզոյանին կասկածում են բացառապես արտաքին նմանության, մասնավորապես՝ աչքերի նմանության հիմքով։
Չնայած տեսանյութում խոսող անձի աչքերի գույնը ակնհայտորեն տարբերվում է Մհեր Միրզոյանի աչքերի գույնից և բացի այդ՝ վերջինս արդեն երեք տարուց ավել է բնակվում է ՌԴ-ում, այդուհանդերձ, ինտենսիվ գործողությունները շարունակվում են, իսկ նրա նկատմամբ էլ հայտարարված է հետախուզում»,-ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ մի քանի դիմակավորված անձինք Արցախի բարբառով և վիրավորական բառապաշարով դիմել են Փաշինյանին։ «Նիկոլ, դու պատասխան ես տալու, մենք գիտենք՝ դու որտեղով ես ման գալիս, որ փողոցներով ես անցնում։ Մենք քեզ ջրելու ենք, Նիկոլ»․ ասում է նրանցից մեկը՝ ընթացքում մյուսների ձեռքին, ենթադրաբար, ինքնաձիգներ են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 18–ին Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ընթացքում անդրադարձել է հրապարակված տեսանյութին և կոշտ բառապաշարով արձագանքել․ «Հլը էս փսլինքներին նայի էլի։ Ուրեմն, սենց, մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են»։ Փաշինյանը հորդորել է նրանց կամավոր ներկայանալ իրավապահներին՝ հավելելով, որ հատ–հատ նրանց գտնելու է և սատկացնելու է։





