ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած և «Ուժեղ Հայաստան» դաշինքին վերագրվող ձայնագրությունների «մի մասը մոնտաժված է և դրանք օգտագործվում են քաղաքական ուժին վարկաբեկելու նպատակով», հայտարարել է այդ քաղուժից պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Ընդհանրապես նման դեպքեր գոյություն չունեն, ու մենք հիմա խոսում ենք սեպարատ, առանձին վարույթների մասին։ Նաև անմեղության կանխավարկածը մեր երկրում չի գործում։ Ինչի համար են այդ ձայնագրությունները հրապարակվում, երբ անգամ դրանց իսկությունը չի ստուգվել։ Սա վախի մթնոլորտ ստեղծելու, ինչպես նաև որոշակի իմաստով վարկաբեկման փորձ է, որը չի հաջողվելու»,– վստահեցրել է Վարդևանյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանության կողմից վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքերին՝ փաստաբանը նշել է, որ այդ հարցերով դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն, նրա գնահատմամբ, ինչպես կանխատեսելի էր, տվյալ կառույցում առկա է ամբողջական անգործություն։
«Այդ մասով էլ ենք հետևողական լինելու։ Ի դեպ, զարմանալին այն է, որ դրանք հանրային տիրույթում են, սակայն քրեական որևէ վարույթ չկա։ Եթե իշխանություններին թվում է սելեկտիվ այս արդարադատությունը մեր հայրենակիցները չեն նկատում, սխալվում են ամեն ինչ նկատում են ու հետևություններն անում են»,– նշել է նա։
Վարդևանյանի գնահատմամբ՝ այս քարոզարշավի ընթացքում ատելության և բռնության խոսքը լայն տարածում է ստացել հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը արձանագրել է նաև միջազգային հանրությունը, մինչդեռ ՀՀ դատախազությունն ու ԿԸՀ-ն որևէ խախտում չեն արձանագրել և հանցակազմ չեն հայտնաբերել։ Փաստաբանը հավաստիացրել է, որ այս հարցում ևս շարունակելու է հետևողական լինել և գործը հասցնելու է մինչև վերջ։
Վարդևանյանը նաև չի բացառել, որ ընտրությունների ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է փորձել ընտրակեղծիքներ իրականացնել, սակայն նշել է, որ դրա դեմ «Ուժեղ Հայաստանը» որոշակի մեխանիզմներ արդեն մշակել է։
«Եթե ընտրություններին լինի բարձր մասնակցություն, ապա որևէ իշխանություն իր կեղծիքների մեխանիզմում արդյունավետ չի լինելու»,– վստահեցրել է փաստաբանը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





