AM
2 Հունիս 2026 - 09:15 AMT

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Արարատցեմենտին» 74.1 հա հողամասերի օտարման աճուրդները

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել 2009 թվականին Արարատ համայնքին որպես արոտավայր փոխանցված 74.1 հա հողամասերը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը օտարելու աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ։

Դատախազության ուսումնասիրությամբ առերևույթ հանցանքի հատկանիշներ են հայտնաբերվել։

«Պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակում իրականացված ուսումնասիրության շրջանակում, բացի նախորդիվ նշված խախտումներից, պարզվել է նաև, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության աշխատակցի օժանդակությամբ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է մի շարք օրենսդրական պահանջներ:

Մասնավորապես՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին, ձևական աճուրդների եղանակով, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանն է օտարել համայնքին որպես արոտավայր փոխանցված՝ 74.1 հա մակերեսով հողամասերը: Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի մայիսի 27-ին ներկայացրել է հանցանքի մասին պատշաճ հաղորդում, որը հասցեագրվել է Հակակոռուպցիոն կոմիտեին՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Նույն օրը Դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատ համայնքի, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության և ընկերության աշխատակից Ա.Ա.-ի՝ 74.1 հա մակերեսով հողամասերի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են»,- ասված է հաղորդագրությունում։

Գլխավոր դատախազությունը մայիսի 5-ին գրություն էր հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շնողում քարոզարշավ իրականացնելիս, ասել էր, որ «շատ շուտով Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»։ Այնուհետև Դատախազությունը հայտնել էր, որ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացի ուսումնասիրության արդյունքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստեր են հայտնաբերվել։