AM
2 Հունիս 2026 - 09:38 AMT

Իջևան համայնքին է վերադարձվել մշակույթի տներին հարակից 2 տարածք

Տավուշի մարզի դատախազության ուսումնասիրություններից հետո Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող երկու անշարժ գույք վերադարձվել է Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանը։

Տավուշի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ Աչաջուր բնակավայրի Մշակույթի տան առաջին հարկում գտնվող 31․9 քմ մակերեսով տարածքը «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ ամսական 2000 դրամ վարձավճարով հանձնվել է վարձակալության։

Պարզվել է նաև, որ Գետահովիտ բնակավայրի Մշակույթի տան 9․2 քմ մակերեսով տարածքը նույն օրենքի պահանջների խախտմամբ ամսական 5000 դրամ վարձավճարով տրամադրվել է վարձակալության։

Դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքի կողմից վարձակալության պայմանագրերը լուծվել են, վարձակալության իրավունքի պետական գրանցումները չեղարկվել են, և Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31․9 քմ և 9․2 քմ մակերեսներով անշարժ գույքերը։