AM
2 Հունիս 2026 - 10:10 AMT

ԿԿՀ-ն վարչական վարույթ է սկսել Սամվել Կարապետյանի նկատմամբ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթ է նախաձեռնել՝ գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու պատճառով։ Այդ մասին հայտնել են ԿԿՀ-ից, տեղեկացնում է Factor.am-ը:

Ըստ հրապարակման՝ գործընթացը սկսվել է դեռ ապրիլին, երբ Հանձնաժողովը կուսակցությունից ստացել է համագումարի արդյունքում ընտրված նոր ղեկավար կազմի վերաբերյալ տվյալները։ Դրանից հետո հանձնաժողովը նախ էլեկտրոնային փոստով, այնուհետև թղթային տարբերակով, իսկ հետո նաև հարթակի միջոցով ծանուցել է կուսակցության խորհրդի անդամներին՝ հիշեցնելով հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին։

Կուսակցության խորհրդի բոլոր անդամները կատարել են այդ պահանջը, բացառությամբ Սամվել Կարապետյանի։

Հանձնաժողովի ձևավորված պրակտիկայի համաձայն՝ վարույթը դեռ կարող է կարճվել, եթե Կարապետյանը դրա քննության ընթացքում ներկայացնի պահանջվող հայտարարագիրը։ Այդպիսի պայմաններում իրավախախտումը դիտարկվում է որպես նվազ նշանակություն ունեցող, և կիրառվում է բանավոր դիտողություն։

Եթե հայտարարագիրը չներկայացվի, ապա առաջին անգամ կարող է նշանակվել 200 հազար դրամ վարչական տուգանք։ Իսկ եթե օրենքով նախատեսված պատասխանատվության կիրառումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիրը կրկին չներկայացվի, կարող է առաջանալ նաև քրեական պատասխանատվության հարց։

Ավելի վաղ Հանձնաժողովից հայտնել էին, որ հայտարարագիրը չներկայացնելը պայմանավորված է եղել տնային կալանքի և նամակագրության արգելքի պայմաններում հայտարարագրման էլեկտրոնային համակարգից օգտվելու անհնարինությամբ, մինչդեռ դատարանի կողմից սահմանված այդ արգելքներն արդեն հանվել են։

Սամվել Կարապետյանի շուրջ իրավական գործընթացները սկսվել են նախորդ տարվա հունիսին՝ այն հայտարարությունից հետո, որով նա նշել էր, որ պատրաստ է Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանել «իր ձևով»։ Դրանից հետո գործարարի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։

Նա շուրջ յոթ ամիս պահվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, իսկ ներկայում գտնվում է տնային կալանքի տակ։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ոչ միայն իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի, այլև փողերի լվացման հոդվածով։