Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծովագյուղում նախընտրական հանդիպման ընթացքում՝ պատասխանելով ռուսական «Իզվեստիա» պարբերականի լրագրողի հարցին:
Պատասխանելով ԵԱՏՄ-ի հայտարարության վերաբերյալ հարցին ՝ նա նշել է. «Ես կարդացել եմ այն, շատ բալանսավորված տեքստ էր։ Ստացվում է, որ ԵԱՏՄ-ի անդամ 4 պետությունների մեր գործընկերներն աջակցում են ԵՄ մտնելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու գաղափարին», հայտնում է Panorama.am-ը:
Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը, հանրաքվեի անցկացում չի լինի։
«Նախ պետք է մենք թեկնածու դառնանք, կամ պաշտոնապես դիմենք ԵՄ-ին այնտեղ մտնելու համար։ Դեռ նման հարց չկա և հանրաքվեի հարց էլ չկա:
Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն պետք է նոր հնարավորություններ բացի, որպեսզի Հայաստանում Միության իմիջը բարձրանա, ոչ թե հակառակը՝ նվազի։ Քանի որ, երբ մտցվում է սահմանափակումների փաթեթ, այն նեգատիվ ընկալում է առաջացնում ՀՀ քաղաքացիների մոտ ԵԱՏՄ-ի նկատմամբ, իսկ դա իրոք ինձ մտահոգում է, որպես ԵԱՏՄ բարձրաստիճան ղեկավար»,-հայտարարել է Փաշինյանը։
Գազի գնի թեմային անդրադառնալով՝ վարչապետն ասել է. «165 դոլարը, որը հայտարարվում է, օբյեկտիվ գին չէ, քանի որ «Գազպրոմ Արմենինան» այն բարձրացնում է, ռեալ գինը շատ ավելի բարձր է»։
Զրույցի ավարտին Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ մասնակցելու է ԵԱՏՄ-ի հաջորդ նիստին։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։
Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ:





