Խուզարկություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի Աշտարակի նախընտրական շտաբերում, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Այդ մասին ֆեյսբուքյան տեսանյութում հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը:
Նա նշել է, որ չնայած ամեն ինչ անում են իրենց աշխատանքներին խոչընդոտելու համար, միևնույն է, չեն հաջողելու:
«Այս չարիքի իշխանությունը նման քայլերով և մեթոդներով ցանկանում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի գործունեությունը, փորձում է ազդել մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու»,- ասել է Սաղաթելյանը։
Նա հորդորել է միջազգային դիտորդներին ուշադրություն դարձնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





