Ակտիվիստ Գեղամ Օհանյանը երկրորդ օրն է նստացույց է իրականացնում նախագահի նստավայրի դիմաց՝ հաջակցություն հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի, որը կալանավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերից հետո։ Օհանյանի փոխանցմամբ՝ նստացույցի մեկնարկային օրը հաջող ընթացք է ունեցել` դիմել են նախագահին, որ միջնորդի Օսիպյանի խափանման միջոցը փոխելու հարցում:
«Նամակը հանձնեցինք նախագահական։ Երեկոյան նույն նամակը բաց ընթերցեցինք, ու 100-ից ավելի մարդ էր եկել։ Ստորագրահավաք արեցինք, մարդիկ ստորագրություններով միացան, ու հիմա էլ ստորագրահավաքը շարունակվում է»,– ասել է նա՝ հավելելով, որ հավաքված ստորագրությունները հետագայում առանձին ևս հանձնվելու են նախագահական նստավայրին, հայտնում է Factor.am-ը:
Նա հայտնել է, որ նախագահին հասցեագրված նամակում ներառվել է 2 հիմնական պահանջ։
«Առաջին կետն այն է, որ քարոզարշավի մեջ հանրային խոսքով դատապարտի ագրեսիա պարունակող խոսքը։ Երկրորդ կետով՝ խնդրել ենք միջնորդություն ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխելու նպատակով, որպեսզի վերականգնվի Արթուր Օսիպյանի ազատ խոսքի իրավունքը»,-ասել է նա:
Ակտիվիստը նշել է, որ նախաձեռնությանը միացել են նաև հանրային ոլորտի ներկայացուցիչներ, իսկ յուրաքանչյուր երեկո նախատեսվում են հանրային հավաքներ։
«Կոչ եմ անում մարդկանց՝ եկեք միացեք, ժողովուրդ ջան, մի լռեք այս հարցի շուրջ։ Մենք պետք է բոլորս մեր ներկայությամբ ամրապնդենք մեր խոսքը ու պահանջենք ազատել իրեն»,– նշել է Օհանյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ սպասումներ ունի նախագահից, Օհանյանը պատասխանել է. «Մենք մի տարբերակ ենք առաջարկել, որը հարմար է նաև վիրավորող կողմին, որպեսզի փափուկ կերպով այս հարցը արանքից հանի։ Եթե խելամիտ գտնվեն, կկարողանան օգտվել այս հնարավորությունից։ Եթե չէ՝ արդեն զարգացումները կգնան այլ ճանապարհով»։
Նա նաև պատմել է, որ գիշերել է նստացույցի վայրում։
«Մարդիկ մինչև ժամը 1-ը, 2-ը չէին գնում, տասնյակ մարդիկ կային, մնացել էին, զրուցում էինք, հիշել էինք մեր նախահեղափոխական օրերը»,– ասել է նա:
Նա հավելել է, որ իրեն միացել է նաև Միքայելը, և այժմ նստացույցը շարունակվում է երկուսի մասնակցությամբ։
Օհանյանի խոսքով՝ իրավապահները որևէ խոչընդոտ չեն ստեղծել։
Խոսելով ակցիայի արդյունավետության մասին՝ ակտիվիստը շեշտել է, որ գործընթացը միայն ֆիզիկական ներկայությամբ չի սահմանափակվում։
«Այստեղից նաև ակտիվ պրոցես ենք ծավալում մեդիահարթակում։ Մարդիկ անընդհատ գնում-գալիս են, շարժ է տեղի ունենում։ Մենք գիտենք, որ դա ձնագնդիի էֆեկտով շատ մեծ հնարավորություն ունի մեծանալու»,– նշել է նա։
Անդրադարձ կատարելով հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հնարավոր մասնակցությանը՝ Օհանյանը կոչ է արել շարունակել թեմայի բարձրաձայնումը։
«Արթուրը բանտում օրեցօր ավելի վատթար վիճակում է հայտնվում։ Կոչ ենք անում հանրային մարդկանց, իրավապաշտպան կառույցներին, լրագրողական համայնքին՝ ակտիվ լինել, բարձրաձայնել հարցը։ Այս հարցը բոլորինս է»,– ասել է նա։
Ավելի վաղ հայտնի դրաձավ, որ ՀՀ մի շարք հասարակական կազմակերպություններ և իրավապաշտպաններ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ կոչ անելով դիմել ՀՀ կառավարությանը և պահանջել անհապաղ ազատ արձակել քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանին:
Արթուր Օսիպյանը մոտեցել է Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և հարցեր է ուղղել Հայաստանի անվտանգության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների վերաբերյալ՝ նշելով, որ Բաքուն միջազգային հարթակներում բարձրացնում է ադրբեջանցի փախստականների վերադարձի թեման։ Փաշինյանը կտրուկ արձագանք է տվել՝ Օսիպյանին մեղադրելով ադրբեջանական նարատիվներ տարածելու մեջ, ինչից հետո իրավիճակը սրվել է, և վարչապետը կոշտ բառապաշարով հորդորել է նրան հեռանալ։
Դրանից ժամեր անց Օսիպյանը ձերբակալվել է, իսկ ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 211-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական հետապնդման և կալանավորման որոշումից հետո հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները շարունակել են իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջել դադարեցնել Արթուր Օսիպյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։





