«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀ դատախազության շենքի մոտ իրականացրել է «գործ կարելու» խորագրով ակցիա՝ այն նվիրելով Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին։
Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Դրանից առաջ նա սոցիալական ցանցում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։ Մայիսի 21-ին հայտնի է դարձել, որ Օսիպյանի նկատմամբ երկու ամսով կալանք է կիրառվել։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 211-րդ հոդվածի 1-ին մասով։
Ակցիայի ընթացքում կուսակցության արդեն հայտնի «սպայդերմենը» լուռ կանգնել է շենքի դիմաց, իսկ «սև սպայդերմենը», որը կրել է դատախազության համազգեստ հիշեցնող հագուստ, նրա մեջքին «Գործ N» գրությամբ թուղթ է կարել։ Այնուհետև նա ձեռնաշղթաներ է հագցրել «սպայդերմենին» և տարել՝ խորհրդանշելով ձերբակալության տեսարանը։
«Այս գործ կարելու գործընթացն իրականում էլ է տեղի ունենում, ու մենք խիստ անարդար ենք համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը։ Որևէ պատճառ էլ չկա նրան կալանքի տակ պահելու, առավել ևս, որ նա արդեն 14 օր է` հացադուլ է անում։ Մենք կարծում ենք, որ Օսիպյանից բացի, ՀՀ–ում էլի քաղբանտարկյալներ կան, որոնց վրա գործեր են կարվել։ Այս ընթացքում ինչ–որ բաներ են մոնտաժվել, կեղծվել։ Մենք պլանավորել էինք այլ ակցիաներ, բայց այսօր չէինք կարող սրան չանդրադառնալ»,– ասել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հովսեփ Ղազարյանը։
Նա ընդգծել է, որ անձամբ չի ճանաչում Արթուր Օսիպյանին, սակայն ուսումնասիրել է նրա անցած ճանապարհը և համոզված է, որ Օսիպյանը «փախած» չէ, այլ շարունակել է պայքարել։
Ակցիայի ավարտին կուսակցության անդամները վանկարկել են «ազատություն Արթուր Օսիպյանին» և «ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





