Եվրամիությունը 2.2 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով։ Ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումներին, հայտնում է ՆԳՆ-ն:
Հունիսի 1-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկի արարողությունը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որն անմիջականորեն աջակցում է վիզաների ազատականացման գործընթացին։ Նրա խոսքով՝ ծրագիրը կարևոր քայլ է դարձել Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, ՀՀ քաղաքացիների ազատ և արժանապատիվ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև մարդկային կապերի ամրապնդման ճանապարհին։
Նախարարը կարևոր է համարել նաև Եվրամիության անդամ պետությունների հետ համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ ծրագիրն իրականացվում է Լիտվայի Հանրապետության հետ գործընկերությամբ։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ վարչապետի առաջնորդությամբ Հայաստանը նպատակ է դրել հնարավորինս արագ հասնել Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը, և ՆԳ նախարարությունը շարունակելու է հետևողական աշխատանքն այդ ուղղությամբ։
Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Լիտվայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գինտարաս Ալիքսանդրավիչիուսը և Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։
Եվրամիության և Լիտվայի բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը՝ շեշտելով, որ ՆԳ նախարարության համակարգմամբ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում իրականացվող բարեփոխումներն արդեն տվել են տեսանելի և շոշափելի արդյունքներ։ Ծրագրի թիմի ղեկավար Էվելինա Գուձինսկայտեն ներկայացրել է նախաձեռնության հիմնական ուղղություններն ու նախատեսված միջոցառումները։
«Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ Լիտվայի Հանրապետության կողմից և ՀՀ ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությամբ։





