AM
2 Հունիս 2026 - 14:49 AMT

Կաթողիկոսը պատասխանել է այն հարցին, թե ինչ կլինի, եթե իրեն ձերբակալեն

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչ կլինի, եթե իշխանությունները որոշեն իրեն ձերբակալել:

Նա ասել է, որ եկեղեցին կօգտագործի օրենքով սահմանված բոլոր միջոցներն արդարության հասնելու համար:

«Եթե չհաջողեցինք, ինչպես մեր մյուս հոգևորականների պարագայում, մենք նույնպես պատրաստ ենք այդ հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժն ու որոշումը։ Բայց մեր դիրքորոշումը չի փոխվելու, մենք հավատարիմ ենք մնալու մեր սրբազան ուխտին, մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին, հավատարիմ եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը»,- ասել է կաթողիկոսը:

Անդրադառնալով իրեն գահընկեց անելու վերաբերյալ հայտարարություններին՝ Գարեգին Բ-ն ասել է, որ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրելը հեշտ գործ չէ։

«Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները, և Հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի և կառույցի տնօրինման։ Եթե հարցեր կան ընդդեմ Հայոց հայրապետի կամ որևէ հոգևորականի, այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում և կայացվում են որոշումներ»,- ասել է նա:

ՔՊ նախընտրական ծրագրում ամրագրված են եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման կետեր: Մայր Աթոռը հայտարարել է, որ «որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի»։