Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով, Էրդողանը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51–րդ տարեդարձի առիթով։
Ընդգծվել է Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա–Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր, հայտնում է Factor.am-ը:
Հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվել է ուղիղ առևտրի մեկնարկին ուղղված քայլերով։ Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ Անկարան շարունակաբար ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար և աջակցում այդ նպատակն առաջ մղող նախաձեռնություններին։





