Հայաստանի խառը մենամարտերի հավաքականը մասնակցեց դեկտեմբերի 11-12-ին Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարին, որին մասնակցում էին նաև մարզիկներ Վրաստանից և Ադրբեջանից: Հայաստանի հավաքականի` Վրաստան մեկնած բոլոր հինգ անդամները ոսկե մեդալներ նվաճեցին:
«Մեր բոլոր մարզիկները եզրափակչում հաղթանակներ տարան ադրբեջանցիների հանդեպ, ընդ որում` 4 մենամարտեր ավարտվեցին առաջին իսկ ռաունդում: Մենք թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեցինք»,- հաղորդել է Հայաստանի Արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:
Ղուկասյանը հայտնել է, որ 2011 թվականին ֆեդերացիայի աշխատանքը գերազանց է գնահատում, քանի որ հայ մարզիկները ելույթ ունեցան 26 միջազգային մրցաշարերում և կարողացան բազմաթիվ մեդալներ նվաճել: առաջնություններ էին կազմակերպվել նաև Հայաստանում:
Այս տարի հայ մարզիկներն իրենց վերջին մրցաշարին կմասնակցեն Մախաչկալայում, որտեղ Հրանտ Ասատրյանը (68կգ) և Էդիկ Աբելյանը (77կգ) կմասնակցեն աշխարհի թիմային առաջնությանը:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով` 2012 թվականին հայ մարզիկները կրկին ելույթ կունենան տարբեր միջազգային մրցաշարերում:





