Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Մարզի Այնթափ համայնքի վերակառուցվող մանկապարտեզը ՀՀ վարչապետի այցի առաջին կանգառն էր: Այն վերակառուցվում է Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականով: Տիգրան Սարգսյանը հետևել է հանձնարարականի կատարման ընթացքին, ծանոթացել առկա խնդիրներին:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է Արարատի մարզպետին ամենասեղմ ժամկետում իրականացնել նաև մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքները: Այնթափի մանկապարտեզի ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզպետարանի և «Գեոպրոմայնինգ» կազմակերպության համաֆինանսավորմամբ` համամասնորեն 98 մլն և 90 մլն ՀՀ դրամ ներդրմամբ: Մնացած շինարարական աշխատանքները շարունակվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով:
Այնթափից ուղևորվելով Նոր Խարբերդ` Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել համայնքի առողջության առաջնային պահպանման վերանորոգված կենտրոնի (ԱԱՊԿ) բացման արարողությանը, ծանոթացել վերանորոգված շենքի պայմաններին: Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ընթացել են 2012 թ. դեկտեմբեր – 2013 թ. հունիս ժամանակահատվածում:
Արդյունքում Նոր Խարբերդ համայնքում կատարվել է շուրջ 51.3 մլն ՀՀ դրամի ներդրում, որից շուրջ 47.0 մլն ՀՀ դրամն ուղղվել է շինարարությանը (նախահաշվային արժեքը՝ 60.5 մլն ՀՀ դրամ), 4.3 մլն ՀՀ դրամը` բժշկական սարքավորումների, կահույքի և պարագաների ձեռքբերմանը: ԱԱՊԿ-ն սպասարկում է Նոր Խարբերդ համայնքի շուրջ 6000 բնակչի: Ընդհանուր առմամբ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հանրապետությունում վերակառուցվող ամբուլատորիաների թիվը 13-ն է:





