ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Իսահակ Իսահակյանին՝ ծննդյան 80 ամյակի կապակցությամբ, որում ասվում է.«Սիրելի պարոն Իսահակյան
ՀՀ կենտրոնական բանկի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Ձեր կենսագրությունը կես դարից ավելի միահյուսված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պատմությանը. այն սկսվել է նախկին ՍՍՀՄ Պետբանկից, անցել սովետական, անցումային շրջանների, անկախացման տարիների բոլոր դժվարությունները՝ մշակելով, բյուրեղացնելով ու այսօրվա Կենտրոնական բանկին հասցնելով մարդկային ու մասնագիտական արժեքներ, որոնք իմաստուն ու վաստակած կյանքի ու աշխատանքի ձեռքբերում են: Դրանք այլևս Կենտրոնական բանկինն են ու բոլոր նրանցը, ում երբևէ Ձեր խոսքով կամ գործով ոգևորել, ուղղորդել կամ սովորեցրել եք: Դուք Ձեր մասնակցությունն եք ունեցել ֆինանսական համակարգի բոլոր բարեփոխումներում ու պատահական չէ, որ Ձեր ստորագրությունն են կրում Անկախ Հայաստանի Դրամատան կազմավորման փաստաթղթերը, առաջին թղթադրամները, որոշումները:
Դուք եղել և մնում եք մեր կոլեկտիվում որպես բարեկրթության, օրինապահության վառ օրինակ: Մարդկանց ու նրանց խնդիրների նկատմամբ Ձեր կողմից ցուցաբերած առանձնահատուկ մոտեցումը վկայում են յուրօրինակ փորձի ու մարդասիրության մասին: Շնորհավորելով Ձեզ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ մաղթում եմ քաջառողջություն, երկար տարիների կյանք, և լավն ու բարին թող միշտ լինեն Ձեր ուղեկիցը», ասվում է ԿԲ մամլո հաղորդագրության մեջ:





