AM
13 Օգոստոս 2013 - 10:29 AMT

Սեպտեմբերին Երևանում հայ-հնդկական առևտրա-ադյունաբերական համաժողով կկայանա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Տիգրան Աստվածատրյանը և տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ընդունել են հնդկական «North Star Hospitality» զբոսաշրջային ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներին։ «North Star Hospitality» ոլորտի խոշոր մասնավոր ընկերություններից մեկն է, որը նպատակն է նաև ընդլայնել զբոսաշրջային շուկան Երևանում`միաժամանակ ներկայանալի և ավելի ճանաչելի դարձնելով մեր մայրաքաղաքը հնդիկ զբոսաշրջիկների համար:

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են Երևանի զբոսաշրջային հետաքրքրություններն ու ներդրումային հնարավորությունները, իսկ համագործակցության առաջարկներն ավելի հստակ կներկայացվեն սեպտեմբերին Երևանում կայանալիք հայ-հնդկական առևտրա-ադյունաբերական համաժողովի ընթացքում: Կազմակերպությունը հրավիրելու է գործարարների խումբ, որի անդամները հետաքրքրված են մայրաքաղաքի ներդրումային առաջարկներով։

«North Star Hospitality» ընկերության տնօրեն Ռոհիտ Նոռոնհան նշել է, որ Երևանի վերջին տարիների առաջընթացն ակնհայտ է, ինչի արդյունքում գնալով ավելի է մեծանում հնդիկների հետաքրքրությունը մեր մայրաքաղաքի նկատմամբ և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ առաջիկայում կմեծանան երկուստեք այցելությունների ծավալները:

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների վստահեցրել են, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է ցանկացած առողջ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հնդկաստանի զբոսաշրջային շուկայում Երևանյան զբոսաշրջային միջավայրը գովազդելու հնարավոր տարբերակները։ Հիշեցնենք, որ 2008թ. Երևան քաղաքի և Դելիի կառավարության միջև փոխըմռնման հուշագիր է ստորագրվել։ Առաջիկայում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսվում է ստեղծել Հնդկաստանի պուրակ, իսկ հեռանկարում նաև ուղիղ չվերթներ բացել Երևանի և հնդկական քաղաքների միջև: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: