AM
15 Օգոստոս 2013 - 06:25 AMT

Փոխվարչապետն ու մարզպետները մոտ երկու տասնյակ հարցեր են քննարկել

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում մոտ երկու տասնյակ հարցեր քննարկվեցին:

Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը նախ հրավիրեց գնումների գարծընթացի վրա` կարևորելով ինչպես մարզպետարանների, այնպես էլ համայնքապետարանների կողմից սահմանված ընթացակարգերի պահպանումը: Նշվեց, որ կարող են առաջարկություններ ներկայացվել համայնքների մակարդակով առաջացող խնդիրները կարգավորելու, ընթացակարգերն առավել պարզեցնելու վերաբերյալ:

Քննարկված մյուս հարցը վերաբերում էր հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերին: Ա. Գևորգյանը մարզպետներին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել ծրագրերի արդյունավետ իրականացման մեխնիզմների վերաբերյալ` հաշվի առնելով ընթացքում արձանագրված խնդիրներն ու թերությունները, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարությանը ներկայացնել աշնանային և գարնանային գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջվող պարարտանյութի և դիզվառելիքի անհրաժեշտ ծավալների վերաբերյալ հաշվարկներ: Ստացված առաջարկների և դրանց քննարկման արդյունքում յուրաքանչյուր ծրագրի մասով առանձին որոշում կընդունվի:

Անդրադառնալով ոռոգման շրջանի ընթացքին` Ա. Գևորգյանը նշեց, որ որոշ մարզերում, մասնավորապես, Արարատ, Արմավիր և Արագածոտն, ոռոգման կազմակերպման առումով որոշակի լարվածություն է առաջացել: Սևանա լճից օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից արդեն վերցվել է 136 մլն խմ-ն, ուստի նա մարզպետներին հորդորեց աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ ընկերությունների, համայնքների հետ` ոռոգումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու և ջուրը խնայողաբար օգտագործելու համար:

Խորհրդակցությանը կարևորվեց համայնքերի հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտումը` ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից և Ճանապարհային ոստիկանությունից փոխանցվող համապատասխան բազաների հիման վրա: Խորհրդակցությանն այլ հարցեր ևս քննարկվեցին: Մարզպետները տեղեկություններ ներկայացրեցին նաև մարզերում գյուղատնտեսական աշխատանքերի ընթացքի մասին: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: