Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունն այսօր տարածած հաղորդագրությամբ վերահաստատել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի` որպես թողարկողի (էմիտենտ) դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB մակարդակում` կայուն կանխատեսմամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Միևնույն ժամանակ, Fitch-ը հաստատել է թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը B մակարդակում և երկրի առաստաղային վարկանիշը BB մակարդակում։
Հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է, որ կառավարությունը երկրորդ տարին է՝ հաջողություն է արձանագրում բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու հարցում և որ 2012 թ. կրճատել է բյուջեի դեֆիցիտը՝ հասցնելով մինչև ՀՆԱ-ի 1,4 տոկոսը՝ 2011 թ.-ի 2,8 տոկոսի փոխարեն:
Զեկույցում ասվում է նաև, որ Հայաստանի իրական համախառն ներքին արդյունքի 7,2 տոկոսանոց աճն ապահովվել է գյուղատնտեսության, հանքաարդյունաբերության ոլորտների և ծառայությունների հաշվին: Այս ցուցանիշը 2013-2015 թթ.-ին, ըստ Fitch-ի, կլինի նախկինում արված կանխատեսումից ավելի բարձր՝ 5 տոկոս: Նշվում է, որ տնտեսական աճի տեմպերին զուգահեռ՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում գործարար միջավայրը բարելավելու ուղղությամբ:
Fitch Ratings-ի մասնագետները դրական են գնահատել նաև հարկերի հավաքագրման մակարդակը:





