ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մեկնել է Սյունիք` մարզում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Տաթևի ճոպանուղու Հալիձորի կայան, որտեղ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր:
Ա. Գևորգյանն այնուհետև մեկնեց Մեղրիի տարածաշրջան, եղավ Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման վայրում: Լեհվազ համայնքի տարածքում, որտեղ պետք է լինի համակարգի գլխամասը, փոխվարչապետին ներկայացվեց ինքնահոս համակարգի նախագիծը:
Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրն իրականացվում է «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակում` Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: Նախատեսվում է կառուցել 32 կմ երկարությամբ ինքնահոս համակարգ, որը Մեղիի, Ագարակի և հարակից համայնքների համար կապահովվի կայուն ջրամատակարարում, ինչպես նաև զգալի կնվազի էլեկտրաէներգիայի ծախսը: Համակարգի կառուցման համար տարածաշրջանում առկա են անհրաժեշտ պայմաններ. նախատեսվում է, որ ջուրը կվերցվի Մեղրի գետից:
Ներկայումս տարածաշրջանի ոռոգումն իրականացվում է 18 պոմպակայանների միջոցով, որոնք ջուր են մղում Արաքսից: Պոմպակայաններն արդեն ֆիզիկապես մաշված են, իսկ դրանց շահագործումը բավականին ծախսատար է: Պատասխանատուները տեղեկացրեցին, որ առաջիկայում կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ, և հաղթող ընկերության որոշումից հետո համակարգի կառուցումը կմեկնարկի: Ա. Գևորգյանը կարևորեց աշխատանքների` ժամանակացույցի համաձայն իրականացումը` ընդգծելով համակարգի անհրաժեշտությունը տարածաշրջանի գյուղացիական տնտեսությունների համար:
«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը», որի վերաբերյալ համաձայնագիրը ԱԺ կողմից վավերացվել է 2013թ. հունիսին, ուղղված է ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Բացի Մեղրիի ինքնահոս համակարգից, ծրագրով նախատեսվում է նաև Քաղցրաշենի և Գեղարդալճի ինքնահոս համակարգերի կառուցում:





