AM
6 Փետրվար 2014 - 15:40 AMT

Գործադիրը չի բացառում գնաճը ՄՄ-ին միանալու դեպքում. Այն 1,5 %-ով կավելանա

Թեպետ կառավարությունում ընդունում են, որ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու դեպքում գնաճ է լինելու, շտապում են հավաստիացնել` ամեն ինչ անելու են, որ այն սոցիալական կարևորության ապրանքատեսակներից քչերի վրա տարածվի:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն օրինակ, հայտարարել է` այն, որ Հայաստան ներմուծվող 11 հազար ապրանքատեսակների 60 տոկոսի մաքսատուրքերը ՄՄ-ում ավելի բարձր են, քան այստեղ, չի նշանակում, որ դրանք բոլորը թանկանալու են: Նա նշել է, որ նախ Հայաստան ոչ ՄՄ երկրներից ներմուծվող ապրանքները փոխարինվելու են կամ ներքին արտադրանքով կամ ՄՄ երկրների արտադրանքով:

«Այն ապրանքները, որոնք որ ներկրվում են երկրներից, որոնց հետ ունենք ազատ առևտրի համաձայնագրեր, իսկ դրանք բոլոր ԱՊՀ երկրներն են, ներառյալ Վրաստանը, իսկ ՄՄ մտնելուց հետո նաև կմիանան այլ երկրներ, ինչպես Սերբիան է, որ ունի ազատ առևտրի համաձայնագիր ՄՄ-ի հետ, այդ ապրանքների մաքսատուրքերը կլինեն 0, այնսինքն` կմնան 0, և այդ 60 տոկոսի մեջ դրանք մտնում են»,- հավելել է Ավանեսյանը:

Ավելին, ըստ նախարարի, դրանից զատ ապրանքատեսակների մի խումբ է պատրաստվում, որոնց մաքսատուրքերը բացառելու հայտ է ներկայացվելու ՄՄ.

«Այդ ապրանքատեսակների խումբը դեռևս պատրաստ չէ, բայց մենք պատրաստվում ենք դա անել և սկսել բանակցություններ ՄՄ-ի հետ, որպեսզի ՀՀ-ն ունենա բացառություններ այդ ապրանքների գծով (զգայուն ապրանքներ), դա նշանակում է, որ դրանց մասով չեն ավելանալու մաքսատուրքերը, եթե մենք բանակցությունների ընթացքում հասնենք փոխադարձ համաձայնության»:

«Եթե որևէ ապրանքագծով չլինի նման համաձայնություն, ապա էդ ապրանքի գծով ՀՀ կառավարություն փոխհատուցման մեխանիզմներ տվյալ դեպքում չի կիրառելու»,- հավելել է նախախարն` ընդունելով, որ գնաճը ՄՄ-ին անդամակցելու բացասական մասն է ու միաժամանակ շեշտելով, որ ՄՄ չմտնելու դեպքում նույնպես գնաճը կլիներ, որից Հայաստանի բյուջե գումար չէր մտնի:

Նա, որ ապրանքների ցանկը, որոնց համար բացառություն են ակնկալում, ներկայացվելու է նաև հանրությանը` հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Երկիր ներկրվող ապրանքների գների հնարավոր բարձրացմանը անդրադարձի առիթը կառավարության փետրվարի 6-ի նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն է, որ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր ՄՄ-ին անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի, «չի համապատասխանում իրականությանը»:

Ի հավելումն վարչապետի` Ավանեսյանը հստակեցրել էր, որ «առավելագույն ինֆլացիոն ճնշումը կարող է հասնել 1,5 տոկոսի, և դրանից ավելի բարձր ինֆլացիա մենք չենք կարող ունենալ»:

Առավելագույնս բաց ու թափանցիկ աշխատելու, թյուրիմացություններից ու տեղեկության խեղաթյուրումից խուսափելու համար վարչապետը նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել է կազմել ժամանակացույց, որպեսզի ՄՄ խնդիրներով զբաղվող 22 աշխատանքային խմբերի ղեկավարները հրապարակային հաշվետվություն տան իրենց կատարած աշխատանքի մասին, հանդիպեն ԶԼՄ-ների հետ և պատասխանեն նրանց հարցերին, տան պարզաբանումներ: