AM
8 Մարտ 2014 - 08:24 AMT

ԱՄՀ-ն Հայաստանին 127 մլն դոլար վարկ է տալիս. Արտաքին պարտքն արդեն 4 մլրդ դոլար է

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին հերթական` ավելի քան 127 մլն դոլար վարկ է տրամադրելու, ըստ ԱՄՀ տարածած հաղորդագրության, ֆինանսական կառույցի ղեկավարությունը կայացրել է մարտի 7-ին:

«Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագիրը, որ նախատեսված է 3 տարի 2 ամիս ժամկետով` աջակցություն է Կառավարության ու Կենտրոնական բանկի` 2014-2017 թվականների տնտեսական ու ֆինանսական քաղաքականությանն ու կտրամադրվի վեց մասով` կես տարին մեկ ստուգում անցկացնելուց հետո:

ԱՄՀ-ում հուսով են, որ իրենց տրամադրած միջոցները դրականորեն կանդրադառնան տնտեսական ակտիվության վրա` նպաստելով աղքատության նվազեցմանն ու գնաճի կայունացմանը, ինչպես նաև կրճատել հարկաբյուջետային ու արտաքին ֆինանսական բացերը:

«Հարկաբյուջետային քաղաքականությունը կենտրոնական դեր է խաղալու ծրագրում` աջակցելով 2014-ի աճին ու նվազեցնել հնարավոր դեֆիցիտը ծրագրի մնացած ժամանակահատվածի համար` ռազմավարական արգելակներ ստեղծելով», -ԱՄՀ գործադիր խորհրդի նիստին ասել է տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Նեմաթ Շաֆիկը:

ԱՄՀ-ի Հայաստանին տրված նախորդը վարկը 2010-2013 թվականների «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» համաձայնագրերով էր մոտ 410 մլն դոլար:

«Աճին նպաստող կառուցվածքային բարեփոխումները նույնպես կարևոր դեր են խաղալու նոր ծրագրում` նպատակ ունենալով Հայաստանը դինամիկ զարգացող շուկա դարձնելը,- հավելել է Շաֆիկը: – Այս համատեքստում Եվրասիական մաքսային միությանն առանց խոչընդոտների անդամակցությունն, ինչպես նաև Եվրամիության հետ առևտրի աճն ու մյուս կապերի շարունակական պահմանումը էական կլինեն շուկաների, ապրանքների, ֆինանսական հոսքերի ու ներդրումների դիվերսիֆիկացման համար»:

Նա նաև նշել է, որ նոր ծրագրի համար առկա ռիսկերը կառավարելի են թվում, իսկ Հայաստանի` պարտքը վերադարձնելու ունակությունը իրատեսական:

Ավելի վաղ ներկայացնելով ներկայացնելով հնարավոր ռիսկերը` ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը նշել էր, որ դրանցից են աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ իրադարձություններն ու արտաքին ցնցումները, այդ թվում՝ Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղ տեմպը շարունակվելու համատեքստում, ներհոսքերի թուլացումը:

Կենտրոնական բանկի տվյալներով` 2013-ին ոչ առևտրային նպատակով Հայաստան փոխանցված գումարների 86 տոկոսը` 1,6 մլրդ դոլարը, եղել է Ռուսաստանից, որը 11 տոկոսով ավելի է 2012-ի ցուցանիշից:

ԱՄՀ վարկով Հայաստանի արտաքին պարտքն անցնում է 4 մլրդ դոլարի սահմանը: Ֆինանսների նախարարության տվյալներով` անցած տարի Հայաստանի արտաքին պարտքը` աճելով 4,4 տոկոսով, կազմել է 3,9 մլրդ դոլար, որն ընդհանուր պետական պարտքի 85 տոկոսն էր:

«Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնի» փորձագետ, տնտեսագետ, Աշոտ Խորշուդյանի բնորոշմամբ` արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությամբ է որոշվում պետական պարտքի վտանգավորության սահմանը` 60 տոկոսից մեծը համարվում է վտանգավոր.

«Այսօր չենք անցել վտանագավորության սահմանը, այն մոտ 50 տոկոս է: Սակայն մեր արտաքին պարտքն ավանդաբար բազմապատիկ ավելի պակաս է եղել»:

«Պատճառը մեկ այլ ցուցանիշ է, որը միշտ բարվոք չի եղել: Արտաքին պարտք/ արտահանում հարաբերակցության մասին է խոսքը: Այս ցուցանիշով մենք իրոք ռիսկային գոտում ենք գտնվում, իսկ ռիսկերի հնարավոր հետևանքներից մեզ առայժմ պահում է արտարժույթի այլ՝ ոչ տնտեսական աղբյուրը՝ արտասահմանից դրամական փոխանցումները»,- PanARMENIAN.Net-ին ասաց Խուրշուդյանը: