AM
15 Մարտ 2014 - 11:26 AMT

Հայ-ռուսական 1820 ձեռնարկությունում կներդրվի 50 մլն ԱՄՆ դոլար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: Հանդիպմանը վերջինս նշել է, որ Հայաստանում Ռուսաստանի ուղղակի ներդրումների ծավալը կազմում է հանրապետությունում օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը:

«Եվս 50 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ներդրում կարվի հայ-ռուսական համատեղ 1820 ձեռնարկությունում: Ուրախ եմ, որ մեր երկխոսությունն այսքան դինամիկ է զարգանում, առավել ևս Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալուց առաջ: Դա կարևոր է և´ Հայաստանի, և´ Ռուսաստանի, և´ միության բոլոր անդամ երկրների համար», – ընդգծել է ՌԴ տրանսպորտի նախարարը` հավելելով, որ մասնակցել է մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության հայ-ռուսական գործարանի բացմանը, որը վկայում է երկկողմ տնտեսական հարաբերությունների ու ներդրումային համագործակցության զարգացման մասին:

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են ՀՀ և ՌԴ վարչապետների փետրվարի 24-ին կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: Վարչապետը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ իրականացվել է 97 միջոցառում, և աշխատանքային խմբերի մակարդակով փոխհամաձայնություն է ձեռք բերվել կոնցեպտուալ բոլոր հարցերում: Կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ, միգրացիոն, ներդրումային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածություններին, քննարկել և համաձայնեցրել դրանց իրականացման հետագա քայլերը:

Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետայան այցի շրջանակում կողմերը ստորագրել են 12 համաձայնագիր, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։

Ինչպես նույն օրը նշել է Հայաստանի նախագահը, իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել համատեղ ջանքերով շարունակել առևտրի և Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կայուն ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գիտատեխնիկական գործակցության խորացման ուղղությամբ աշխատանքները: Բացի այդ, առաջնահերթ ուշադրություն է դարձվելու ատոմային էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերին:

Դեկտեմբերի 24-ին Մոսկվայի գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հաստատված «ճանապարհային քարտեզով» նախատեսվում է, որ արդեն մենք պետք է պայմանագիր ունենանք ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հավելվածներով: Այս խնդիրը դրված է 22 աշխատանքային խմբի առջև, որոնք կազմված են երկրի լավագույն մասնագետներից ու փորձագետներից:

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզ») մասին որոշումն ու հայտարարությունը ստորագրվել էին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին, որն անցնում էր պետությունների ղեկավարների մակարդակով: