AM
28 Հոկտեմբեր 2014 - 08:23 AMT

Շրջանառության հարկ. ՄԻՊ-ն առաջարկում է աշխատելու երկու տարբերակ սահմանել

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` տնտեսվարողների դժգոհությունն առաջացրած, շրջանառության հարկի օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Օմբուդսմենն առաջարկել է առևտրականների համար սահմանել շրջանառության հարկով աշխատելու երկու տարբերակ:

Ավելի վաղ մի խումբ առևտրականներ դիմում-բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ, ինչից հետո ՄԻՊ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալն աշխատանքային քննարկում էր կազմակերպել առևտրականների հետ՝ վերջիններիս մտահոգություններին ծանոթանալու և խնդրի լուծման տարբերակներ մշակելու նպատակով:

Օրենքով նախատեսված փաստաթղթավորման պահանջը հատկապես լուրջ դժվարություններ է ստեղծում շրջանառության փոքր ծավալ ունեցող առևտրականների համար: Ուստի, Օմբուդսմենն առաջարկում է շրջանառության հարկ վճարողներին բաժանել երկու խմբի՝ մինչև 20 մլն և 20-ից 58,35 մլն դրամ շրջանառություն ունեցողների: Ըստ դրա` առաջին խմբի առևտրականներին հնարավորություն տալ ընտրելու` աշխատել ապրանքների պարտադիր փաստաթղթավորմամբ՝ վճարելով 1% շրջանառության հարկ, կամ աշխատել առանց պարտադիր փաստաթղթավորման՝ վճարելով 3,5% շրջանառության հարկ:

«Օմբուդսմենը անթույլատրելի է համարում փոքր բիզնեսով զբաղվող առևտրականների գործունեության պայմանների վատթարացումը և լիահույս է, որ փաստաթղթավորման և հարկի չափի ընտրության հնարավորություն ստանալու դեպքում նրանք կազատվեն վարչարարական քաշքշուկից, ինչպես նաև կկարողանան պահպանել իրենց բիզնեսը»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Կառավարությունը հոկտեմբերի 9-ի նիստում հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է երկարացնել օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը: ՓՄՁ-ների համար մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրման պահանջը այս տարվա հոկտեմբերի առաջին տասնօրյակից երկարաձգվում է մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:

Միևնույն ժամանակ հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում 2015-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումներն երկուսն են լինելու՝ գործարար միջավայրի բարելավում ու արտահանման զարգացում և հումքային ոլորտների զարգացում:

«Տնտեսաիրավական հարաբերությունները պետք է ծառայեն պետության նկատմամբ գործարարների վստահության ամրապնդմանը՝ որպես երկրում բարձր գործարար ատիվության և կայուն հոսքերի ներգրավման երաշխիք»,-հայտարարել է վարչապետը և նկատել, որ այժմ ԱԺ-ում քննարկվում է ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, ինչի նպատակը պետության և տնտեսվարողի համար միևնույն պայմանների կիրառումն է, երկակի ստանդարտների բացառումը, գրում է Tert.am-ը:

«Մեր մոտեցումն է՝ իրատեսական ու հավասար պայմաններ ստեղծել։ Իրականացնում ենք իրատեսականորեն հսկայական ծախսերի բեռը՝ փուլ առ փուլ բաժանում երեք տարվա մեջ, իրականացնում ենք այն՝ հավասար պայմաններ ստեղծելով: Նախևառաջ ազատում ենք փոքր բիզնեսը. արդյոք կունենա այս քայլը հեղափոխական ազդեցություն 2015 -ին, արդյոք կլինի տեղին, իրատեսական, արդյունավետ քայլ, կասկած չունեմ»,– ասել է նա։

ՓՄՁ շահերը ներկայացնող ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք պայմանավորված են ապրանքի գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:

Մասնավորապես, առևտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են հաշվառել իրենց ապրանքի մնացորդը և տեղեկություն ներկայացնել հարկային մարմին, ուստի օրինագծով առաջարկվում է սահմանել ավելի երկար ժամկետ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի նվազեցմանը և զուգահեռաբար՝ տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորման խնդրի լուծմանը: Օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով: