Բենզինի գները Հայաստանում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել են 3.3%–ով: Միաժամանակ, հաշվետու ամսում դիզելային վառելիքի գինը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.3 տոկոսով: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2014-ի նոյեմբերին նախորդ տարվա համեմատ բենզինն էժանացել է 6.1 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը` 4.1 տոկոսով:
Brent էտալոնային տեսակի նավթի բարելի դիմաց 115 դոլարի հունիսի առավելագույնից հոկտեմբերի կեսերին այն էժանացել է մինչև 84 դոլար, տեղեկացնում է ԱՌԿԱ-ն: ՕՊԵԿ–ի` արդյունահանման մակարդակն օրական 30 մլն բարելի մակարդակում պահելու որոշումից հետո Brent նավթն էժանացել է գրեթե 5 տոկոսով, առուվաճառքն ավարտվել է 72.5 դոլարով: Դեկտեմբերի 5-ի դրությամբ Brent նավթի հունվարյան ֆյուչերսները ICE Futures լոնդոնյան բորսայում արժեն 69.16 դոլար մեկ բարելի դիմաց:
Դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում Premium տեսակի բենզինն արժե 480 դրամ մեկ լիտրի դիմաց, իսկ Regular-ը՝ 460 դրամ:
Մինչ այդ, WTI տեսակի նավթը Նյու Յորքի ապրանքային բորսայում ուրբաթ՝ դեկտեմբերի 5-ին, էժանացել է 0,97 դոլարով (1,45 տոկոսով): 2015-ի հունվարի համար դրա ֆյուչերսային գործարքները սակարկության ավարտին կանգնել են մեկ բարելի դիմաց 65,84 դոլարի վրա, տեղեկացնում է Prime-ը:
Այդպիսով, Նյու Յորքում նավթի գինը հասել է 2009-ի հուլիսից մինիմումի: Շաբաթվա տվյալով «սև ոսկին» էժանացել է 0,5 տոկոսով, տարեսկզբից՝ 33 տոկոսով:
Նոյեմբերի 27-ին Վիեննայում ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովն էր, որի ժամանակ քննարկվել է նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձել են պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր՝ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:
Ըստ փորձագետների, ուրբաթ օրվա գնանկումը պայմանավորված էր նրանով, որ շուկայի մասնակիցները շարունակում էին չեղյալ հայտարարել Սաուդյան Արաբիայի որոշումն առ այն, թե պետք է նվազեցնել ԱՄՆ-ին ու Ասիային մատակարարման գները: Վերջինս ՕՊԵԿ-ում նավթի ամենախոշոր արտադրողն է: Մասնավորապես, Arab Light-ի գինը 2015-ի հունվարից կնվազի մեկ բարելի դիմաց 2 դոլարով: Փորձագետների համոզմամբ, Էր-Րիյադը որոշել է նվազեցնել գները՝ շուկայում իր բաժինը պահպանելու համար:
Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Այն ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:
Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ-ով քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:





