«Մերլե» ռուսական բեռնատար նավի նավաստիները, որոնք գերեվարվել էին մարտի սկզբին Լիբիայի ափերի մոտ, ապրիլի լույս 26-ի գիշերը վերադարձել են Ռուսաստան: 5 նավաստուն գերությունից ազատելու շուրջ բանակցություններին մասնակցել է նաև Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:
Ըստ ՌՀՄ հաղորդագրության, Մոսկվայից տուն վերադառնալուց առաջ, նավաստիները հանդիպել են Աբրահամյանի հետ նրա գրասենյակում՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերված աջակցության համար:
«Մերլե» ռուսական բեռնատար նավը կալանքի տակ էր առնվել և ուղեկցվել Տրիպոլի մարտի 5-ին լիբիական Զավիա քաղաքի ափամերձ պահակազորի կողմից՝ Լիբիայի ափամերձ տարածքում: Նավի սեփականատերն է MT Group ընկերությունը Սանկտ Պետերբուրգից: Անձնակազմը բաղկացած է 7 անձից, բոլորը՝ ՌԴ քաղաքացիներ:
Նավաստիներն ու նավի սեփականատեր ընկերության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել լիբիական գերության մասին: Հանդիպմանը քննարկվել են նաև Լիբիայում դեռևս մնացած 2 նավաստու ազատագրման, ինչպես նաև ազատված նավաստիների փաստաթղթերի վերականգնման հետ կապված հարցեր:
2005-ին Աբրահամյանը որպես միջնորդ է հանդես եկել Նիգերիայի բանտից ռուս նավաստիների ազատման ժամանակ:
Ավելի վաղ, նույնպես 2005-ին, Աբրահամյանն օգնել է ազատել հայ օդաչուներին Հասարակածային Գվինեայի բանտից:
PanARMENIAN.Net-ը հարցազրույց է ունեցել բանտից ազատված օդաչուներից մեկի հետ. Հայ օդաչու Սամվել Մաճկալյան.Ինչպես 15 ամիս անցկացրի աֆրիկյան «Սև ծովափ» բանտում:





