2016 թվականի օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման, դեպի Հայաստան ռուսական գազատարի պայթեցման փորձի մեջ մեղադրվող 7 քաղաքացու Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել:
Նրանք դատապարտվել են 2-ից մինչև 14 տարվա ազատազրկման, Tabula.ge-ին հղումով հաղորդում է Akhaltskha.net-ը:
Նշվում է, որ խմբի նախապատրաստական աշխատանքներին տեղյակ է եղել նաև ոստիկանության աշխատակից Լ.Մ-ն, որը թաքցրել է հանցագործությունը՝ արդյունքում դատապարտվելով 2 տարվա ազատազրկման:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել էր երկրի տարածքում «գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան»: Ինչպես նշել էին հատուկ ծառայությունում, ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում:





