AM
12 Հունիս 2017 - 07:53 AMT

ԱՀ ՊՆ. Աղդամին մոտ տարածքները հրդեհելու մասին լուրն ապատեղեկատվություն է

Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն այն մասին, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Դեռ ավելին, Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը և հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում», – ասված է հայտարարության մեջ:

Հունիսի սկզբին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն: