ՉինաստանիՆինգբո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչության գրասենյակի բացումը:
Բացման արարողությանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ Նինգբոյի քաղաքապետարանից, Նինգբոյի Առևտրային պալատից, հյուրեր և ներկայացուցիչներ տարբեր երկրների դեսպանություններից և միջազգային կազմակերպություններից: ՉԺՀ-ում ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչն է լինելու Արթուր Եգորյանը:
Գրասենյակը զբաղվելու է հայ-չինական տնտեսական համագործակցության ակտիվացման, հայ գործարարների շահերի պաշտպանության, չինական շուկայում հայկական արտադրանքի առաջմղման և այլ հարցերով, հայտնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը:
Գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության անունից մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Հրանտ Աբաջյանը:
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինը հայտարարել էր, որ չինական կողմը մեծ նշանակություն է տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և դիտարկում է Հայաստանը որպես համագործակցության կարևոր գործընկեր: Չինաստանի ԱԳ նախարարը շեշտել էր, որ շարունակաբար ամրապնդվում է երկու պետության միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, էական արդյունքներ են գրանցվել առևտրի և տնտեսության, անվտանգության, հումանիտար կապերի և այլ ոլորտներում համագործակցության մեջ, սերտ կապեր և փոխգործակցություն է պահպանվում միջազգային և տարածաշրջանային հարցերում:





