AM
21 Հունիս 2017 - 08:12 AMT

«Նեզավիսիմայա գազետա». Արցախը կրկին պատերազմի շեմին է

Ղարաբաղյան հակամարտության գոտում հերթական սրացման արդյունքում հայկական կողմը 2 օրում 4 զոհ է տվել, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեղադրել է Բաքվին ահաբեկչության մեջ և խոստացել է անհամաչափ պատասխան տալ: Այսպես է սկսում հոդվածը ռուսական «Նեզավիսիմայա գազետան» «Արցախը կրկին պատերազմի շեմին է» վերնագրված հոդվածում՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին շփման գծում:

Հոդվածում նշվում է, որ Ստեփանակերտի տվյալներով ադրբեջանական կողմը նռնականետեր է կիրառել: Հեղինակը հիշեցնում է, որ հերթական սրացմանը նախորդել են խոշոր ադրբեջանա- թուրքական զորավարժությունները Նախիջևանում, եռակողմ զորավարժությունները Վրաստանում, կրկին Թուրքիայի մասնակցությամբ: Իսկ հունիսի 20-ին Ադրբեջանում մեկնարկել են մոտ 20.000 զինծառայողների և մեծաքանակ ռազմատեխնիկայի մասնակցությամբ զորավարժությունները: Մեջբերվում է ադրբեջանական «Թրենդի» հաղորդագրությունն, ըստ որի Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն «լիովին պատրաստ է ազատագրել գրավյալ հողերը»:

«Արցախի բանակն իր հերթին է զորավարժություններ անցկացնում: Չճանաչված հանրպետության ղեկավարությունը վստահեցնում է, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սանձազերծի, արժանի հակահարված կստանա: …Համանախագահների վերջին հայտարարությունները հասցեական բնույթ էին կրում՝ հրադադարը խախտելու մեջ մեղադրվում է ադրբեջանական կողմը, իսկ հայերի գործողությունները՝ պատասխան գործողություններ: Նույն ուղղությամբ է փոխվում Մոսկվայի տոնայնությունը, կարծում են Երևանում, նշելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունները, որտեղ գնալով ավելի հաճախակի է հիշատակվում ԼՂ բնակչությունը, սակայն Բաքվի քաղաքականությունը չի փոխվում»,-ասվում է հոդվածում:

Հոդվածի վերջում հեղինակը գրում է, որ հայ հանրության շրջանում գնալով ավելի շատ են խոսում սեփական ճակատագիրը ոչ թե պատասխան, այլ կանխարգելիչ հարվածներով լուծելու անհրաժեշտության մասին: «Այդ կարծիքները հաստատվում են պատմական ակնարկներով, երբ դրսից օգնության ապարդյուն սպասումներն ի վերջո ավարտվեցին ցեղասպանությամբ, տարածքների կորուստով: Որպես հիմնավորում բերվում են որոշ ժամանակակից պետությունների օրինակներ, որոնք հաջողությամբ են գործում, ղեկավարվելով սեփական ազգային շահով, ոչ թե դրսի հուշումներով: Երկու երկրների փորձագիտական հանրությունը տագնապալի սպանումների մեջ է՝ երկու ժողովրդները կրկին պատերամզի շեմին են»,-ասվում է հոդվածում:

Մինչդեռ Ադրբեջանում հոդվածը բացասական արձագանք է ստացել առաջին հերթին վերնագրի պատճառով: Այնտեղ համարում են, որ հեղինակը հանդես է գալիս հայամետ դիրքերից:

Հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Հունիսի 16-ին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: