AM
26 Հունիս 2017 - 09:02 AMT

Արցախում զբոսաշրջությունը մայիսին ավելացել է 222%-ով

Արցախում 2017-ի ապրիլ ամսին, նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է զբոսաշրջության 42% աճ, իսկ մայիս ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 222% աճ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Ինչպես և կանխատեսվում էր, զբոսաշրջության ոլորտի առաջանցիկ տեմպերին նպաստել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, որի տնտեսական էֆեկտն առաջին հերթին զբոսաշրջության վրա է արտահայտվել»,- գրել է Աբրահամյանը:

2017-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ոլորտում 10% աճ է գրանցվել:

2015-ին Արցախ է այցելել 16.500 օտարերկրյա զբոսաշրջիկ, հիմնականում Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից եւ Եվրոպական մի շարք երկրներից: Մի քանի տարի շարունակ օտարերկրյա այցելությունների թիվը տարեկան 30-40 տոկոսով աճում էր: 2014-ին այդ աճը դանդաղել էր մինչև 13 տոկոս: 2015-ին ցուցանիշը նորից աճել է: 2016-ին զբոսաշրջիկների թվի նվազում էր դիտարկվել՝ կապված Ապրիլյան պատերազմի հետ: