ԼՂ հակամարտության գոտում հետագա լարումներից և կորուստներից խուսափելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է կատարեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:
Այս մասին հուլիսի 4-ին ԼՂ շփման գծում իրադրության լարման վերաբերյալ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանի հետագա սադրանքներից և կորուստներից խուսափելու նպատակով Բաքուն պետք է համաձայնի կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:
Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:





