AM
5 Հուլիս 2017 - 09:56 AMT

ԱՀ ՊՆ. Վիրավոր հայ զինվորների մասին լուրն ապատեղեկատվություն է

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հուլիսի 5-ին հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ՊԲ 3 զինծառայող, իրականությանը չի համապատասխանում: Լուրը հերքում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ, իսկ հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին»,– ասվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հուլիսի 4-ին հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր, որ ադրբեջանական զինուժը շփման գծում խախտել է հրադադարը՝ կիրառելով TR-107 համազարկային հրթիռային կայանք։ Հայկական կողմն ավելի ուշ դիմել է պատասխան գործողությունների՝ հակառակորդին պատճառելով կորուստներ։

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում կոչ են անում ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրատապ կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն նոր բռնություն է ծնում և ոչնչի չի բերում: Այս երկարատև հակամարտության կարգավորման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում:

Կարդացեք նաև՝ ՊԲ-ն հարվածել է ադրբեջանական գյուղում տեղակայված հենակետին

Բալայան. Ադրբեջանը պետք է կատարի Վիեննայի և Պետերբուրգի համաձայնությունները

ՊԲ խոսնակն ափսոսում է, որ Ալխանլիում 2-ամյա երեխա է զոհվել