Եվրախորհրդարանը խորապես մտահոգված է «Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության վերսկսման կապակցությամբ, ինչը կրկին հանգեցրել է զոհերի՝ խաղաղ բնակչության շրջանում»: Այս մասին ասված է ԵԽ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Դևիդ Մաքալիսթերի, Եվրանեսթում ԵԽ պատվ. ղեկավարՌեբեկա Հարմսի, ԵՄ-ՀՀ և ԵՄ-Ադրբեջան հանձնաժողովներում պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմի համատեղ հայտարարությունում:
«Խորապես ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես ավելի վաղ հայտարարվել է՝ մենք համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հակամարտությունը քաղաքական կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքին համապատասան»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ ԵԽ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու առաջարկություններին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել շփման գծումռազմական գործողությունները:
Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:
Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։
Կարդացեք նաև՝ ՄԱԿ-ի կոչը ԼՂ հիմնախնդրի կողմերին. «Խուսափեք ցանկացած ռազմական գործողությունից»





