Թբիլիսիում, Վրաստանի կառավարության շենքի հարևանությամբ օգոստոսի 31-ին բողոքի ակցիա է անցկացվել «Ոչ հայկական օկուպացիայի օրինականացմանը» կարգախոսով:
Ակցիան կազմակերպել էր «Վրացական ազգայնական մշակույթ» կազմակերպությունը: Ցույցի կազմակերպիչներից Գիորգի Չելիձեն իր խոսքում հայտարարեց, թե Վրաստանի կառավարությունը վրացական տարածքները բաժանում է հարևան երկրներին:
«Այժմ հերթը հասել է Խուճապի վանքին և հարակից անտառին: Մենք պատասխան ենք ստացել Վրաստանի ԱԳՆ-ից, որ այժմ սահմանազատման գործընթաց է գնում, որով Խուճապի վանքն ու հարակից տարածքները Հայաստանի կազմում են»,-ասել է Չելիձեն, հայտնում է Aliq.ge-ն:
Ըստ նրա, «դա դավաճանություն է, քանի որ նման որոշումն ընդունվել է ԽՍՀՄ-ում կազմված քարտեզի հիման վրա, մի երկրի, որը օկուպացրել էր վրացական տարածքները»: Չելիձեն նաև նշել է, որ բողոքի ակցիան կանխարգելիչ բնույթ ունի և դրա նպատակն է «զգուշացնել Վրաստանի կառավարությանը, որ նման քաղաքականություն չվարի»:
Բողոքի ակցիան տևել է 15 րոպե, մասնակցել է 25-30 մարդ: Ըստ աղբյուրի, ոչ մի վրացական ԶԼՄ չի լուսաբանել ցույցը:
Խուճապի վանքը (XIII դ) գտնվում է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում, Լալվար լեռան հյուսիսային լանջին։ 9-10 դարերում կառուցվել է համալիրի ամենահին եկեղեցին, որը միանավ բազիլիկ կառույց է և հիմնադրման առաջին տարիներին գործել է որպես հայադավան մենաստան, իսկ XIII դ Զաքարյանների տիրապետության շրջանում վերածվել է քաղկեդոնական վանքի։





