AM
18 Սեպտեմբեր 2017 - 13:20 AMT

Կիև. Դոնբասում ՀՀ խաղաղապահներ չպետք է լինեն

Ուկրաինայի արևելքում, Դոնբասում տեղակայվելիք խաղաղապահների թվում չպետք է լինեն Հայաստանի, ՌԴ և Ղազախստանի ներկայացուցիչներ: Այդպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի Ներքին տեղահանված անձանց և Կիևին չենթարկվող տարածքների փոխնախարար Գեորգի Տուկը:

Նա կարծում է, որ առաքելությանը պետք է մասնակցեն միայն չեզոք երկրների ներկայացուցիչներ և «և ոչ մի դեպքում չլինեն ՌԴ», ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի ներկայացուցիչներ»: Ըստ փոխնախարարի, Ուկրաինայում խաղաղապահների քանակի ապահովման առումով խնդիրներ չեն լինի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին շրջանում այս առումով շատ ակտիվ է, օրինակ, Բանգլադեշը»,-հավելել է նա:

Տուկը հայտարարել է, որ խաղաղապահ առաքելության թվաքանակը Դոնբասում պետք է լինի 40-60 հազարից ոչ ավելի:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 5-ին հայտարարեց, որ ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ նիստում բանաձև կներկայացնի Դոնբասի շփման գծում միջազգային խաղաղապահներ տեղակայելու նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ աշխատակիցներին պաշտպանելու նպատակով: Նա նշել է, որ ՄԱԿ ուժերի գործուղումը հնարավոր կլինի միայն սպառազինությունները հետ քաշելուց հետո և ինքնահռչակ Դոնբասի ու Լուգանսկի հանրապետությունների ներկայացուցիչների հետ համաձայնեցման դեպքում: