AM
26 Հոկտեմբեր 2017 - 09:41 AMT

Ոստիկանությունը խուզարկում է Ջիգարխանյանի թատրոնը

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Արմեն Ջիգարխանյանի թատրոնում: Աշխատակիցներն առգրավում են թատրոնի հաշվապահությանն առնչվող բոլոր փաստաթղթերը: Այդ մասին հայտնել է թատրոնի գրական մասը համակարգող Նատալյա Կոռնեևան, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը:

Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր ամենաարժեքավոր բանի՝ թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին:

Մինչդեռ դերասանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչը հոկտեմբերի 25-ին հայտարարել էր, թե թատրոնը «գրավել», որ թատրոնում ինչ-որ մարդիկ են հայտնվել, որոնք հեռացրել են ղեկավարությանը, իսկ Ջիգարխանյանին, իբր մեկուսացրել են իր աշխատասենյակում: Ավելի ուշ թատերախմբի ղեկավար Վյաչեսլավ Դավիդենկոն հայտնեց, որ թատրոնում սովորական աշխատանքային հանդիպում է անցկացվել:

Ռոմանովսկայայի ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր նաև, որ ապահարզանի դեպքում դերասանը կարող է հայտնվել հոսպիսում, որտեղ ապրում են ծանր հիվանդություններով տառապող մարդիկ: