AM
24 Նոյեմբեր 2017 - 07:40 AMT

ՀՀ նախագահն ու Բելգիայի թագավորն անդրադարձել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային փաստաթղթին

Բելգիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես` ԵՄ-ում: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:

Հանրապետության նախագահը և Բելգիայի թագավորը իրենց հանդիպումը և նախագահ Սարգսյանի բրյուսելյան այցը լավ հնարավորություն են համարել ամփոփելու Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քառորդդարյա ուղին, ինչպես նաև անդրադառնալու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարին։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցի արդյունքում հայ-բելգիական բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն համագործակցության նոր նախաձեռնություններով։

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջպետական հարաբերություններին բնորոշ է եղել փոխադարձ վստահությունը, բոլոր հարցերում փոխըմբռնման հասնելու և միմյանց սատարելու ցանկությունը, ինչը, նախագահի համոզմամբ, մեծապես պայմանավորված է երկու ժողովուրդների պատմական անցյալով։ նախագահը նշել է, որ Բելգիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես` ԵՄ-ում։ Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը և Բելգիայի թագավոր Ֆիլիպն անդրադարձել են ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում քննարկվելիք հարցերի օրակարգին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման դինամիկային, նաև ԵՄ աջակցությամբ Հայաստանում մինչ այժմ իրականացված և ընթացող բարեփոխումներին, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։

Նկատի առնելով, որ Բելգիան ԵՄ-ում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, երկկողմ քաղաքական հարաբերություններից բացի կողմերը քննարկել են նաև հայ-բելգիական առևտրատնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները:

Հանդիպման ժամանակ նախագահը հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Բելգիային` ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար, հայտնում է նախագահի մամուլի շառայությունը:

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի նախագահը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։Նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և հարաբերությունների զարգացման դինամիկային, ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ինչպես նաև միջկուսակցական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին:

Ընթերցեք նաև. ԵԺԿ-ն հորդորում է ԼՂ խնդրի կողմերին հարգել 1994-95 թթ. հրադադարի համաձայնագիրը